ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամներին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի հետ առճակատման, որը կարող է տասնամյակներ տևել:
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում։ Բայց մենք պետք է զինվենք հնարավոր առճակատման համար, որը կարող է տասնամյակներ տևել»,- ասել է Ստոլտենբերգը «Welt» պարբերականին։
Նա ընդգծել է, որ ներկա պահին լավագույն պաշտպանությունը Ուկրաինային աջակցելն է և ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում ներդրումները:
Մոսկվան բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ն առճակատման նպատակ ունի։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ բաց են ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, բայց իրավահավասարության հիմունքներով, ընդ որում՝ Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքի ռազմականացման ուղեգծից:
Ռուսաստանը վերջին տարիներին հայտարարում է իր արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։ ՆԱՏՕ-ն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ, սակայն անուշադրության չի մատնի իր շահերի համար հնարավոր վտանգ ներկայացնող գործողությունները: