ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան՝ նրանց ցանկության դեպքում։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ցավոք, Ղարաբաղի հայերի մեծ մասը լքել է շրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել նրանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը: Պատրաստ ենք ընդգրկուն աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,-նշել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ այդ իրադարձությունները հենց այնպես չեն տեղի ունեցել. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը ներառյալ, հայկական կողմը ճանաչել է դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում։ Ընդ որում` տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցն այն ժամանակ լուծված չէր, իսկ հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։