Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Ամբողջ աշխարհի բանկերը սկսում են իրենց զանգերի կենտրոններում արհեստական բանականություն կիրառել, և այդ միտումը, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց կհասնի Հայաստան: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆինանսական տեխնոլոգիաների փորձագետ Սերգեյ Ուսնունցը Երևանում կայացած «AI for Business» համաժողովի շրջանակում։
Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը աշխատակցին չի փոխարինի, բայց օգնության կհասնի ինչպես ձայնային, այնպես էլ առցանց կապի միջոցով:
Գործնականում զանգերի կենտրոնների փորձառու աշխատակիցները իրենց բանկի ծառայությունները գրեթե նույնքան լավ գիտեն, որքան, օրինակ, մասնաճյուղերի կամ գլխամասային գրասենյակի բաժինների ղեկավարները, քանի որ նրանք պետք է կարողանան ցանկացած վարկի, օվեդրաֆթի կամ ավանդի մասին լիարժեք խորհրդատվություն տրամադրել (ընդ որում` նրանց աշխատավարձը ոչ միշտ է բարձր, սովորաբար միջին է կամ նույնիսկ ավելի ցածր)։
«Փորձառու մասնագետը կարող է այդ ամենը իմանալ և հիշել, բայց արհեստական բանականությունը կարող է այդ տեղեկատվությունը հուշել յուրաքանչյուրին, նույնիսկ միջին աշխատակցին»,-նշեց Ուսնունցը:
Մասնագետի խոսքով՝ արհեստական բանականության ուսուցումը կարող է զգալիորեն բարելավել նաև չատ-բոտերի աշխատանքը, որոնք Հայաստանում արդեն գործում են բազմաթիվ բանկերում։
Արհեստական ինտելեկտը թույլ է տալիս արագ մշակել նաև բանկի հետ չկապված տվյալները (սուպերմարկետում գնումների պատմությունը, տաքսիով ուղևորությունները և այլն, եթե, իհարկե, խոսքը բժշկական և այլ խիստ անձնական տվյալների մասին չէ):
Ուսնունցի խոսքով` ԱԲ-ն նաև կօգնի ավելի լավ հաշվարկել հաճախորդի ռիսկերը (հատկապես, եթե խոսքը խոշոր հաճախորդների մասին է, որտեղ պետք է շատ տվյալներ ուսումնասիրել, իսկ սխալի գինը շատ բարձր է)։
Նոր հնարավորություններ են բացվում նաև մարկետինգի ոլորտում։ Եվ խոսքն այն մասին չէ, որ տեքստ և պատկերներ ստեղծելը հեշտացել է (այսօր սոցցանցերում դա անում է յուրաքանչյուր դպրոցական): Խոսքն այն մասին է, որ բարդ մարկետինգային արշավները՝ տասնյակհազարանոց լսարաններով և հարյուրհազարավոր (եթե ոչ միլիոնավոր) դոլարների բյուջեներով, կարելի է վերլուծել իրական ժամանակում և կարգավորել (Facebook*-ի, Google-ի և այլ վերլուծական հարթակներում)։
«Եթե համակարգը տեսնում է, որ նպատակային ցուցանիշներից հետ եք մնում, օրինակ, հաճախորդի՝ ձեր հավելված կամ ձեր կայք անցնելու հարցում, ԱԲ-ն խորհուրդներ է տալիս, թե ինչպես անել դա։ Դա բավականին բարձրացնում է գովազդի արդյունավետությունը՝ միաժամանակ թույլ տալով խնայել բյուջեն»,- ավելացրեց Ուսնունցը։
Նրա խոսքով՝ հայկական բանկերն արդեն դիտարկում են նման լուծումները, իսկ ՏՏ ոլորտի մի շարք տեղական ընկերություններ սկսել են առաջարկել դրանք։
*Սոցիալական ցանցը պատկանում է «Meta »ընկերությանը, որը ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական և արգելված է։