Եկեղեցիների միջև հարաբերությունների սերտացում. Գարեգին Բ–ն ընդունել է արքեպիսկոպոս Ակսիյին

Գարեգին Երկրորդն ընդունել է Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին
Վեհափառը մաղթել է, որ Տերը զորավիգ լինի պատերազմների փորձության միջով անցնող ժողովուրդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Ռուս եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյը ամեն ջանք կգործադրի հայ և ռուս ժողովուրդների ու եկեղեցիների միջև հարաբերությունների առավել սերտացման համար։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը, նա այդ մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը։
Դեկտեմբերի 23-ին տեղեկացրել էինք, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդը միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկուն ազատել է ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարչի պաշտոնից և թեմի ժամանակավոր կառավարումը հանձնել Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։
Գարգեին Բ-ն արքեպիսկոպոս Ակսիյին մաղթել է արդյունավետ առաքելություն՝ ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման:
«Հայոց հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը, որի ակունքներում կանգնած են նաև երկու եկեղեցիները։ Վեհափառը վստահությամբ արձանագրել է, որ հավատն այն ամուր հիմքն է, որով ժողովուրդներն արժանապատվորեն կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները՝ վերականգնելով իրենց կյանքում բաղձալի խաղաղությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գարեգին Բ-ն անդրադարձել է հայ ժողովրդի համար դժվարին այս շրջանում ռուս եկեղեցու հովվապետի ներդրած ջանքերին՝ ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանմանը։ Հայոց հայրապետը շեշտել է, որ հայաթափված Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվում են ոտնձգությունները հայկական սրբավայրերի նկատմամբ, փաստագրված են նաև սրբատեղիների ոչնչացման դեպքեր։
Ամենայն հայոց կաթողիկոսը մաղթել է, որ Տերը զորավիգ լինի պատերազմների փորձության միջով անցնող ժողովուրդներին։