Զինված հարձակում Արթիկ քաղաքում. հափշտակել են մոտ 85 հազար դոլարի ոսկյա զարդեր

«Գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Այսօր զինված հարձակում է տեղի ունեցել Արթիկ քաղաքում, հափշտակել են մոտ 85 հազար դոլարի ոսկյա զարդեր։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Նշվում է, որ հարձակման արդյունքում տուժել է Արթիկ քաղաքի բնակիչ 32-ամյա Մհեր Մելիքյանը։ Վերջինս կնոջ և որդու հետ եղել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում, երբ նրանց է մոտեցել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա, որից իջել են 4 դիմակավորված անձինք, ներկայացել որպես ուժային կառույցի աշխատակիցներ ու ասել, որ Մելիքյանն ու կինն իրենց հետ պետք է բաժին գնան:
Դրանից հետո ատրճանակի սպառնալիքով նրանցից հափշտակել են ոսկյա զարդեր, որոնք, ըստ դեպքի վայրում հավաքված հարազատների, տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն։
Ավազակային հարձակում «Վահագնի» ռեստորանի վրա. տարել են 5 մլն դրամ և մի քանի միլիոնի խմիչք
Զարդերը հափշտակելուց հետո դիմակավորված անձինք նրանց նստեցրել են ավտոմեքենան և տարել Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ։ Ավտոմեքենայի մեջ նրանք հարվածներ են հասցրել տուժածին, հետո իջեցրել են մեքենայից ու շարունակել հարվածել, իսկ դիմակավորված անձանցից մեկն էլ իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոց է արձակել:
Տուժածը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն` «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ:
Կայքի տեղեկություններով` իրավապահները պարզել են, որ Opel-ի համարանիշները ժամեր առաջ գողացվել են Վանաձոր քաղաքում մեկ այլ Opel-ից։
Զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ թալանել են դեղատունը
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 252–րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: