ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայկական Ucom հեռահաղորդակցության օպերատորը կսկսի ՀՀ–ում ստեղծել 5G ցանց: Ծրագրի շնորհանդեսի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց, որ ցանցի վերազինման համար ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 25 մլն ԱՄՆ դոլար:
Ucom–ի ցանցի սարքավորումները 4G–ից ամբողջությամբ կփոխարինվեն 5G–ով։ Սարքավորումների մատակարարներից մեկը կլինի ֆիննական Nokia կորպորացիան, որի հետ Ucom–ն այսօր համագործակցության համաձայնագիր է կնքել:
«Կապի նոր ստանդարտները նոր որակ կբերեն ամբողջ երկրում։ Ընդ որում, մենք նպատակաուղղված ցանկանում ենք աշխատանքը սկսել ՀՀ մարզերից, այլ ոչ թե Երևանից։ Նոր որակի կապի հիման վրա մենք ցանկանում ենք նոր ծառայություններ առաջարկել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև բիզնեսին՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության»,– ընդգծեց Յիրիկյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. 5G ցանցերի ստեղծման և զարգացման մասին ազդարարել էին նաև ՀՀ մյուս երկու բջջային օպերատորները (Team Telecom և Viva-MTS):