Պետական հեղաշրջումն Ուկրաինայում ընդդիմությունն է իրականացել է ԿՀՎ-ի աջակցությամբ. Պուտին

Վլադիմիր Պուտինի հարցազրույցը Թաքեր Կառլսոնին
Պուտինի գնահատմամբ՝ քաղաքական տեսանկյունից Ուկրաինայում տեղի ունեցած հեղաշրջումը մեծ սխալ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. 2014 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջումն իրականացրել է զինված ընդդիմությունը՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աջակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինի հարցազրույցը Թաքեր Կառլսոնին հրապարակվել է Կրեմլի կայքում: Հարցազրույցում ՌԴ նախագահն ասել է, որ Մայդանում անկարգություններ սկսվելուց առաջ ԱՄՆ-ն խնդրել է «հանգստացնել» Վիկտոր Յանուկովիչին և խոստացել է դրա դիմաց «հանգստացնել» ընդդիմությանը:
«Ինչպես մեզ խնդրել էին ամերիկացիները, Յանուկովիչը չի կիրառել ո՛չ զինված ուժեր, ո՛չ ոստիկանություն։ Իսկ Կիևում զինված ընդդիմությունը պետական հեղաշրջում է իրականացրել։ Ինչպե՞ս հասկանալ դա: Դուք ընդհանրապես ո՞վ եք՝ ուզում էի հարցնել Միացյալ Նահանգների այն ժամանակվա ղեկավարությանը», - ասել է Պուտինը։
Կառլսոնը հարցրեց, թե ում աջակցությամբ է իրականացվել պետական հեղաշրջումը։
«ԿՀՎ-ի աջակցությամբ, իհարկե։ Կազմակերպություն, որի համար ինչպես հասկանում եմ, դուք ժամանակին ուզել եք աշխատել: Գուցե փառք Աստծո, որ ձեզ չեն վերցրել: Չնայած դա լուրջ կազմակերպություն է, ես հասկանում եմ, իմ նախկին գործընկերներն են, չէ որ ես աշխատել եմ Առաջին գլխավոր վարչությունում, դա Խորհրդային Միության հետախուզությունն է: Նրանք միշտ մեր ընդդիմախոսներն են եղել։ Աշխատանքը աշխատանք է», - պատասխանել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ տեխնիկապես ԿՀՎ-ն ամեն ինչ ճիշտ է արել, բայց քաղաքական տեսանկյունից դա մեծ սխալ էր, նրանք պետք է իմանային, թե ինչի է դա հանգեցնելու։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուզում է Ուկրաինայի իրավիճակը բանակցությունների միջոցով լուծել, և Մոսկվան արդեն հասել է դրան, Ստամբուլում ստեղծվել է մի մեծ փաստաթուղթ, որը նախաստորագրել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան, փաստաթղթի քաղվածքի վրա դրված է նրա ստորագրությունը:

«Նա իր ստորագրությունն է դրել, իսկ հետո ինքն էլ ասել է. «Մենք պատրաստ էինք ստորագրել, և պատերազմը վաղուց ավարտված կլիներ՝ մեկուկես տարի առաջ։ Բայց պարոն Ջոնսոնը եկավ, մեզ հետ պահեց դրանից, և մենք բաց թողեցինք այդ հնարավորությունը»։ Դե, բաց են փողել, սխալ են արել, թող վերադառնան դրան, և վերջ։ Բայց ինչու մենք պետք է խառնվենք իրար և շտկենք ուրիշների սխալները: Կարելի է ասել, որ մեր սխալն այն է, որ մենք ինտենսիվացրել ենք գործողությունները և զենքի օգնությամբ որոշել ենք դադարեցնել 2014 թվականին Դոնբասում սկսված այս պատերազմը։ Բայց ես Ձեզ ավելի հեռուն տանեմ․.. 1991 թվական, երբ մեզ խոստացան ՆԱՏՕ-ն չընդլայնել, վերադառնանք 2008 թվական, երբ ՆԱՏՕ-ի դարպասները բացվեցին, վերադառնանք Ուկրաինայի անկախության մասին հռչակագրին, երբ նա իրեն չեզոք պետություն հռչակեց», - ավելացրել է Պուտինը։

Պուտինը հիշատակել է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմակայանները, որոնք սկսել են հայտնվել Ուկրաինայի տարածքում, և 2014 թվականին իրականացված պետական հեղաշրջումը:
Ռուսաստանի նախագահը եզրափակել է` կարելի է այդ գնդակը անվերջ հետ ու առաջ գլորել, բայց նրանք են դադարեցրել բանակցությունները, և կարելի է ուղղել սխալը, ՌԴ–ն պատրաստ է։
ՌԴ-ն և Ուկրաինան վաղ թե ուշ համաձայնության կգան, վերամիավորում տեղի կունենա. Պուտին