ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումները բրյուսելյան ձևաչափով: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
Նախօրեին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 8-ին Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ աջակցում է Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումներին»:
«Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումները՝ հանուն կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի»,- սոցցանցում գրել է Միշելը։
Նշենք, որ վերջին անգամ Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը բրյուսելյան ձևաչափով տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 15-ին։
Հիշեցնենք՝ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև նախորդ հադիպումը Բրյուսելում տեղի է ունեցել 2023–ի հուլիսի 15-ին։
Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպմանը քննարկվել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: