ԼՂ–ից բռնի տեղահանված 22 164 անձի կենսաթոշակներ են նշանակվել և վճարվել

Երեկվանից մեկնարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Այս շաբաթվա ընթացքում իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 հազար 164 անձի կենսաթոշակների նշանակում և վճարում։ Տեղեկությունը կառավարության «Հումանիտար կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։
«Երեկվանից մեկնարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումները»,–ասաց Մանուչարյանը։
ԼՂ–ից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ նշանակելու վերջնաժամկետը 2028 թ դեկտեմբերի 31–ն է
Նրա խոսքով` իրականացվել է նաև նպաստների նշանակում և վճարում։ Նպաստներ են վճարվել 1131 անձի։ Խոսքը մայրության, երեխայի ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նպաստների մասին է։
Անդրադառնալով բնակվարձի և կոմունալ վճարումների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարումներին, Մանուչարյանը հայտնեց, որ հունվար ամսվա համար արդեն իրականացվել են 96 821 մարդու վճարումները։
«Եթե ինչ-ինչ պատճառներով մեր հայրենակիցները չէին ստացել նախորդող ամիսների վճարները, ապա տեղեկացնեմ, որ վճարման գործընթացները շարունակվում են, այսինքն՝ զուգահեռաբար կշարունակենք փոխհատուցել նաև այդ վճարները»,- ասաց նա։
Մանուչարյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ 100 հազար դրամի չափով սոցաջակցությունն արդեն իսկ վճարվել է 112 765 անձի, իսկ 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար վճարում իրականացվել է 108 857-ին, նոյեմբերի համար՝ 87 568-ին, դեկտեմբերի համար՝ 93 787 անձի։
Հավելենք, որ ծրագիրը վեցամսյա է և կշարունակվի մինչև մարտ ամիս։