ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանությունն իր առջև քաղաքական նպատակ է դրել կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, բայց այդ նպատակն ուղղված չէ որևէ անձի կամ սուբյեկտի դեմ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե որպես իշխող ուժ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու քաղաքական նպատակ ունեն, թե ոչ։
«Որպես նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առջև դրել է հետևյալը` բոլոր կատարված հանցագործությունների համար պետք է քայլեր ձեռնարկել։ Թե դրա արդյունքում որ սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի, իրավական հարց է»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ նպատակը ձևակերպված չէ որևէ անձի կամ սուբյեկտի դեմ, նպատակը հանցագործությունները կատարողներին պատժելն է։