Ինչու է փակվում Վարդենիսի անձնագրային բաժանմունքը. Փաշինյանը խոսել է օպտիմալացման մասին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ շեշտել է` չի կարելի շահարկումների հետևանքով կանգնեցնել բարեփոխումների գործընթացները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության օպտիմալացման արդյունքում 63 ստորաբաժանումները կդառնան 47։ Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին ներկայացվել է ծառայության` 2023 թ. գործունեության հաշվետվությունը։
Նշվել է, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել ծառայության տարածքային ստորաբաժանումների։ Այնտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։
«Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Նաև կթոթափվի ծանրաբեռնված հերթերը, որոնք թեպետ էլեկտրոնային եղանակով են ամրագրվում, սակայն ձգվում են ամիսներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ օպտիմալացման հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, կառավարման արդյունավետությունը:
«Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ռազմավարական պատկերացումը վերաբերում է թվայնացմանը, որպեսզի մարդիկ հերթ չկանգնեն։
ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այժմ միջազգային փորձագետների հետ աշխատում են թվայնացման ծրագրի, մասնավորապես ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
Բացի այդ ՄՔԾ ծառայողների շրջանում իրականացվել է վերապատրաստում, որին մասնակցել է 505 աշխատակից, որոնցից 470-ը մասնակցել է բանավոր հարցազրույցին։ Նվազագույն շեմը չեն հաղթահարել 51 անձ։
2023–ին ՀՀ պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաներից 488–ն օտարվել են