Հիմա թույլեր չկան. Ալեքսանդր Պետրակովը՝ Ազգերի լիգայի վիճակահանության մասին

Վալերի Պետրակով
Հայաստանը 4-րդ խմբում կմրցի Լատվիայի, Ֆարերյան կղզիների և Հյուսիսային Մակեդոնիայի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը «հետաքրքիր» է որակել Ազգերի լիգայի С լիգայի 4-րդ խումբը, որում ընդգրկվել են նրա սաները: Պետրակովն այդ մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:
«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք․ շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է խաղացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ ընտրանիներ չկան, ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում։ Ըստ իս` մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»,– ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Փարիզում կայացել Է Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի հավաքականը կմրցի Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ։