ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արթիկի զինված հարձակումից

Հարձակման ենթարկված հայրն ու որդին ճանաչվել են տուժող և հարցաքննվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել այսօր Շիրակի մարզի Արթիկ քաղաքում զինված հարձակումից։
Արթիկ քաղաքի բնակչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 09:45-ի սահմաններում, իրենց շենքի մուտքի մոտ, չորս դիմակավորված և սև անձրևանոցներով հանդերձավորված անձինք, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, հարձակվել են իր և 32-ամյա որդու վրա։
«Նրանք քաշքշելով նստեցրել են հորն ու որդուն «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև որդու «Մերսեդես-Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են իրենց խանութի վաճառքի համար նախատեսված 40 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդերը և ավտոմեքենայով իրենց տարել են Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ»,– նշված է հաղորդագրությունում։
Այդ ընթացքում, ըստ ստացված հաղորդման, նշած անձինք դաժան ծեծի են ենթարկել տղամարդուն և որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակել, բռնակով հարվածներ հասցրել իր և որդու գլխին, պատճառել մարմնական վնասվածքներ ու հեռացել են նշված տրանսպորտային միջոցով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով ավազակություն կատարելու) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն:
Քրեական վարույթի շրջանակներում ձևավորվել է քննչական խումբ, հայրը և որդին ճանաչվել են տուժող և հարցաքննվել։