«Դուխովները» վախեցան. Մարությանն ու Թևանյանը` տրանսպորտի աղմկահարույց նախագծի մասին

Տրանսպորտի ուղեվարձի հնարավոր բարձրացումը բուռն քննարկման թեմա է դարձել ինչպես սոցցանցերում, այնպես էլ Երևանի փողոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներն անդրադարձել են միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի հետ կանչմանը։
Հայտնել էինք, որ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգից հանվել է միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը, քանի որ այն բավականին լայն քննարկումների առարկա է դարձել, և ավելի համապարփակ քննարկելու խնդիր կա։
Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու մանդատից զրկված Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերում ու շնորհավորել երևանցիներին։
«Ժողովրդի ճնշմանը չդիմանալով՝ քաղաքային իշխանությունը հետ կանչեց տրանսպորտի թանկացման ավագանու որոշումը»,–գրել է նա։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն էլ իր հերթին սոցցանցերում գրել է, որ «դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից, հետ է քաշել իր որոշումը՝ իբր լրամշակելու համար:
«Նրանք այդ քայլով խոստովանել են, որ «օդից վերցրած» որոշումներ են կայացնում, միայն թանկացումներ են բերում ու անգրագետ են կառավարում»,–գրել է նա:
Նա ընդգծել է, որ «Մայր Հայաստանը» հետևողական է լինելու այս հարցում, և իրենց առաջարկներն ու մոդելն ունեն քաղաքային տրանսպորտի վերաբերյալ:
«Քաղաքային տրանսպորտը սոցիալական ծրագիր է և չպետք է դիտարկվի որպես քաղաքացիներից փող կլպելու ոլորտ»,–գրել է նա:
Տրանսպորտի գինը թանկացնելու են, դրա համար ինձ չեզոքացնում են. Մարությանին զրկեցին մանդատից
Հիշեցնենք` ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ միասնական տոմսային համակարգի հարցը Երևանի ավագանու նիստի առաջիկա օրակարգից հանվել է ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։
Երևանի ավագանու առաջիկա նիստը տեղի կունենա փետրվարի 13–ին։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է միասնական տոմսային համակարգ ներդնել և վերանայել տրանսպորտի ուղեվարձի գնային քաղաքականությունը, ինչը բուռն քննարկման թեմա է դարձել։