«Ռոսսոտրուդնիչեստվոն» մոլոկանների հետ համաձայնեցրել է Ֆիոլետովոյի մանկապարտեզի հատակագիծը

Ֆիոլետովո գյուղում, որտեղ ապրում է 1300 էթնիկ ռուս, մանկապարտեզի բացակայությունը սուր խնդիր էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոն» Ֆիոլետովո գյուղի ռուս մոլոկանների հետ համաձայնեցրել է համայնքի մանկապարտեզի գլխավոր հատակագիծը։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։
Նշվում է, որ ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն այսօր մոլոկան համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևին է ներկայացրել Ֆիոլետովո գյուղի նախակրթարանի նախագծի վերջնական փաստաթղթերը:
Վադիմ Ֆեֆիլովը մոլոկան համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևին է ներկայացնում Ֆիոլետովո գյուղի նախակրթարանի նախագծի վերջնական փաստաթղթերը
Հողահատկացման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ. հունվարի 4–ին կառավարության առաջին նիստում:
«Ֆիոլետովո գյուղում, որտեղ ապրում է 1300 էթնիկ ռուս, մանկապարտեզի բացակայությունը սուր խնդիր է։ Մոլոկանների ընտանիքները բազմազավակ են, և փոքրիկները գյուղատնտեսական աշխատանքներում հաճախ «ներգրավված» են լինում, երբ դեռ նոր են սկսում քայլել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Համայնքի ղեկավարն ուրախ է, որ մանկապարտեզ ունենալուն զուգահեռ գյուղում նաև նոր աշխատատեղեր են ստեղծվելու:
Գլխավոր հատակագիծը նախատեսված է 50 երեխաների և անձնակազմի համար։
Սիրով կբերեն, եթե բերելու տեղ լինի․ Ֆիոլետովո գյուղում առաջին անգամ կբացվի մանկապարտեզ