ՌԴ–ում ՀՀ դեսպանը Գալուզինի հետ քննարկել է ՀՀ վարորդական իրավունքի օգտագործման հարցը

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այսօր Մոսկվայում քննարկել են առևտրային գործունեություն իրականացնելիս հայկական վարորդական իրավունքների օգտագործման հարցը ՌԴ տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման մերժումը հակասում է Եվրասիական տնտեսական միության ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքին: