ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Մինչև 2024 թ. սեպտեմբերի 1–ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում Սևանա լճում օրինական որս իրականացնելու համար։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ներկայացնելով Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին նախագիծը։
Քվոտան տրամադրվում է 2020 թվականից, 2022 թ. քվոտան եղել է 600 տոննայի շրջանակում, 1 կգ սիգի դիմաց ձկնորսը 65 դրամ է վճարում ՀՀ պետական բյուջե։
Սիմիդյանի խոսքով` 2024 թ. հուլիսին ԳԱԱ–ն նոր ուսումնասիրություն կանի` հասկանալու համար, թե արդյոք կա՞ նոր քվոտայի հնարավորություն, թե ոչ, որից հետո ձկնորսները էլի կկարողանան դիմել` քովտա ստանալու համար։ Իսկ փետրվարի 20-ին արդեն հստակ կլինի, թե որքան է կազմում Սևանա լճի ձկնապաշարը։
Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր ներկայացված տվյալներից։
«Մեկ կգ սիգի դիմաց վճարումը 65 դրամ է, մինչդեռ սիգի շուկայական արժեքը մի քանի անգամ բարձր է։ 2022 թ. 600 քվոտայի դեպքում 566.1 տոննա սիգ է իրացվել, թեև գիտենք, որ կրկնակի անգամ ավելի որս է արվել, բայց գոնե այդքան գումարը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի բան է։ Ավելի վատն այն է, որ 2023 թ. քվոտաների ցուցանիշն ավելի է նվազել։ Կամ, ասենք` գինը ո՞նց ենք որոշել, որ 65 դրամ է, այլ ոչ թե 100 դրամ։ Ես նախարարի հետ էլ եմ առավոտյան խոսել, չի կարող նման բան կրկնվի` ինչքան քվոտան տրված է, ճշգրիտ այդքանի դիմաց պետք է վճարում կատարվի»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա նաև հայտարարեց, որ դրական միտումն այն է, որ գնալով սկսել է պակասել սիգի ապօրինի որսը՝ ջրային ու առափնյա պարեկային ոստիկանության շնորհիվ։