Միրզոյանը մասնակցել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը

Միջազգային քրեական դատարանում բարձրացվել է ՀՀ դրոշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Միջազգային քրեական դատարանում (Հաագա, Նիդեռլանդներ)տեղի է ունեցել այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի տեղադրման արարողությունը։
Նշենք, որ Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրած 124-րդ երկիրն է։
Միջոցառման ժամանակ
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը 2023 թ. հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: