ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը Հռոմի ստատուտի կանոնադրության անխափան կիրառումն ապահովելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա սա համարել է պատմական պահ Հայաստանի համար։
Կիրակոսյանը նշել է, որ միջազգային արդարադատության հաջողությունը կախված է միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի հանձնառությունից, և այստեղ թերահավատության տեղ չպետք է լինի:
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:
Միջազգային քրեական դատարանում (Հաագա, Նիդեռլանդներ) այսօր` փետրվարի 8–ին, տեղի է ունեցել այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառում։