ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանին «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանին մանդատից զրկելով՝ նրան քաղաքական բոնուս է տվել։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձայների մեծամասնությամբ ավագանու մանդատներից զրկվել են «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանը և Սոնա Աղեկյանը, իսկ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից՝ Հայկ Մարությանը։
«Կարծում եմ, որ ավագանու անդամներրին լիազորություններից զրկելու հիմնական թիրախը Հայկ Մարությանն էր։ Յուրաքանչյուր օրենսդիր կամ ներկայացուցչական մարմին ունենում է իր պոտենցիալ ղեկավարը, հետևաբար, Երևանի ավագանին էլ ունենում է պոտենցիալ քաղաքապետացուներ։ Անդրանիկ Թևանյանը հրաժարվել էր մանդատից, Վարդան Ղուկասյանն առհասարակ ցուցակում չկար, մնում էր Հայկ Մարությանը, իսկ Տիգրան Ավինյանի դիրքերը մի քիչ սասանվող են, ստատուս քվոն կարող է փոխվել։ Մտավախություն կար, որ կարող էր Հայկ Մարությանի շուրջ կոնսոլիդացիա հավաքվել, այդ պատճառով խնդիր էր դրված` մանդատից զրկելու։ Մյուսներն էլ «դռբի տակ» ընկան»,– ընդգծեց Սուրենյանցը։
Նա վստահեցրեց` այս քայլը չավելացրեց Տիգրան Ավինյանի լեգիտիմությունը, ու հիմա նա դարձավ մեկը, որի կախվածությունը գործադիրից մեծացավ։ Անդրադառնալով Հայկ Մարությանին` վստահեցրեց` վերջինիս քաղաքական բոնուս տվեցին, քանի որ նա ամբիոնից հայտարարեց` տրանսպորտի ուղեվճարի համար քաղաքացիական անհնազանդության ակցիաներ է սկսելու։ Իսկ ժողովուրդն այդ կոչին կարձագանքի, քանի որ ուղիղ գրպանին են կպչում։
Ըստ քաղաքագետի` հարց է` Մարությանին վնաս տվեցին, թե օգուտ, որովհետև նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է վարչապետի թեկնածություն դնել ու մասնակցել խորհրդարանական ընտրություններին։