ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն` խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խմբակցությունը նշված անձանց համար երաշխավորություն ներկայացնելու որոշում է կայացրել։
«Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը»,– ասել են դատախազությունից։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` Անի Գևորգյանին, Լիլի Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։