Բոլորը նոր «iPhone»-ի են ձգտում. Խաչատուր Սուքիասյանը` Սահմանադրությունը փոխելու մասին

Խաչատուր Սուքիասյան
ՔՊ–ական պատգամավորը վստահեցրեց, որ հարգում է գործող Սահմանադրությունը, բայց հիմա պետք է ստեղծել նորը, որն այսօրվա իրողությանը համարժեք լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դարձվի։ Լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Հիմա դուք ասում եք, որ ձեր տատիկի` 50 տարի առաջվա ինչ–որ մի բանը պետք է նայեք`լավն է, թե ավելի լավը կա, բայց հարգում եք տատիկին, ասում եք` ես սա պահում եմ որպես պատմություն։ Պատմություն պահեք, բայց արդեն նոր ժամանակներում մրցունակ լինելու համար։ Բա դուք թրենդներին չե՞ք հետևում։ Որ նոր «iPhone» է դուրս գալիս, ինչո՞ւ են ձգտում դրան»,- ասաց Սուքիասյանը։
Նա վստահեցրեց, որ հարգում է գործող Սահմանադրությունը, բայց այն համարժեք է եղել նախկին իրողությանը, իսկ հիմա պետք է ստեղծել նորը, որ այսօրվա իրողությանը համարժեք լինի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։