ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ամեն տարի հանրապետության ճանապարհներին առաջացած փոսերի պատճառով բազմաթիվ մեքենաներ են ջարդվում, վթարներ են տեղի ունենում։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի հետ ժամանակ այս խնդրի մասին խոսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից նա հետաքրքրվեց` ի՞նչ կարճաժամկետ ծրագրեր կան հարցի լուծման համար։
Նախարարը նշեց, որ ճանապարհների պահպանության համար կա ամառային ու ձմեռային ռեժիմ, և այդ աշխատանքները պլանավորվում են ապրիլի 1–ից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։
«Այդ ընթացքում ճաքալցում է արվում, եթե մինչև 5 սմ են փոսերը, ապա դրանք այլ տիպի վերանորոգման են ենթարկվում, եթե ընդհանուր հատվածի այսքան տոկոսն է վնասված, դա այլ վերանորոգում է։ Այսինքն` կան կարգավորումներ, ու ճանապարհը սպասարկող ընկերությունը պետք է իրականացնի այդ աշխատանքները, որի համար նա վճարվում է»,– ասաց Սանոսյանը։
Ըստ նրա` եթե ծայրահեղ վիճակ է, ապա պետք է ժամանակավոր լուծումներ գտնվեն, մինչև եղանակային պայմանները թույլ տան ասֆալտբետոնե ծածկույթ անել։
Սանոսյանի խոսքով` հանրապետական ու միջպետական ճանապարհներին սկսել են կիրառել նոր` ճանապարհների կառավարման էլեկտրոնային համակարգ։ Այս համակարգով ճանապարհները սպասարկող 34 ընկերություններից կողմից արձանագրված խնդիրները գույքագրվում են, և ըստ այդմ սահմանվում են այդ խնդիրների վերացման ժամկետները, ինչպես նաև նշանակվում են տուգանքներ (ժամկետները խախտելու կամ անորակ աշխատանքներ իրականացնելու համար-խմբ.)։
Նախարարի վստահեցմամբ` դա մեծ փոփոխություն է բերել վերահսկողական մոնիթորինգային աշխատանքում։