ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում կա մի համաձայնեցված հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը` այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։
Պատգամավորը մատնանշել էր, որ տարբեր շրջանակներում նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը կապում են խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
Փաշինյանի խոսքով՝ սահմանադրություններում հնարավոր հակասությունների առումով խաղաղության պայմանագրում հարցը լուծվել է մատնանշված համաձայնեցված հոդվածի միջոցով։
«ՀՀ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ, ուրիշ տարբերակ չկա»,- շեշտեց նա՝ հավելելով, որ նոր Սահմանադրությունը բացարձակ խաղաղության պայմանագրի մասին չէ և չի կարող լինել։
ՀՀ վարչապետի խոսքով՝ թեպետ Սահմանադրությունը ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները, ու դա անժխտելի է։
«Բայց այստեղ կապերը լրիվ ուրիշ կերպ են աշխատում»,- ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ հանրային ընկալմամբ ու համոզմունքով ՀՀ–ի` մինչև այսօր ընդունված սահմանադրությունները չեն ընդունվել ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, վերնախավն է պարտադրել։
Հիշեցնենք, որ փետրվարի 1–ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետը Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում Թուրքիան ու Ադրբեջանը համեմատել էր ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Նա նշել էր` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն և փրկվի։