ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ ու քննարկել Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցությանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Վահագն Խաչատուրյանը Հունգարիայում է պաշտոնական այցով։ Օրբանի հետ հանդիպմանը նա ընդգծել է, որ դժվար ժամանակներ են հաղթահարվել, և հիմա Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
«Նկատի ունեմ նաև այն, որ Հունգարիան առաջիկայում ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Հուսով եմ, որ Եվրամիության և միջազգային այլ հարթակներում մենք կունենանք արդյունավետ համագործակցություն»,– նշել է նախագահը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային փոխգործակցության խթանման և առկա ներուժի լիարժեք իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր: Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի վերաբերյալ:
Կողմերը երկուստեք կարևորել են Հայաստան-ԵՄ արդյունավետ գործընկերության խորացումը։
Հայաստանի նախագահը և Հունգարիայի վարչապետն ընդգծել են, որ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր գրավականներից է նաև 2 երկրի գործարար շրջանակների միջև համագործակցությունն ու նոր կապերի հաստատման ուղղությամբ ջանքերի ներդրումը: