Երևանի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը փակվել է

Դեռևս հայտնի չէ, թե երբ վերստուգումներ կանցկացնեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Երևանի Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակվել է, քանի որ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ. համապատասխան որոշումը կայացվել է հունվարի 23-ին: Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:
«Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերստուգումներ անցկացնելու խնդրանքով դիմում է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ խախտումներն արդեն շտկվել են:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրեցին՝ դեռևս հայտնի չէ, թե երբ վերստուգումներ կանցկացնեն:
Հիշեցնենք, որ 2023 թվականին ևս «Ոսկու աշխարհը» փակվել էր հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումների պատճառով: