Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում, որ այնտեղ քվեարկի. Մարուքյան

Էդմոն Մարուքյանը նշում է, որ Ադրբեջանի առաջարկով միջազգային հանրությունը սկսել է Ստեփանակերտ քաղաքն անվանել «Խանքենդի», սակայն անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր X-ի միկրոբլոգում անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն այսօր նախագահական ընտրություններին, ընտանիքի հետ միասին, քվեարկել է Ստեփանակերտ քաղաքում գտնվող ընտրատեղամասում։
Մարուքյանը նշում է, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար։
«Ուշագրավ է, որ Ալիևը նախ չհրահրված պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետո էթնիկ զտում իրականացրել այն մարդկանց շրջանում, որոնց նա անվանում է Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ նա գնացել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցելու մարդ չկա, և ընտրություններին մասնակցել է ընտանիքի հետ»,- գրել է Մարուքյանը։
Նա հիշեցրել է, որ միջազգային հանրությունը նախ լուռ հետևում էր խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա՝ ավելի քան 100,000 մարդու էթնիկ զտմանը, իսկ հիմա՝ Ադրբեջանի առաջարկով սկսել է Ստեփանակերտ քաղաքն անվանել «Խանքենդի»։
Ալիևը կվերընտրվի, դրանում ոչ մի կասկած չկա. Տաթևիկ Հայրապետյան
«Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։ Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ նրանք հիմա էլ պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունը էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,- գրել է դեսպանը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Ընտրություններն անցկացվում են նախատեսվածից մեկ տարի շուտ։ Ալիևի համար դրանք հինգերորդն են։