Ակնկալում ենք՝ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ընտրություն կկատարի․ Զախարովա

Մարիա Զախարովա
Դիվանագետը համոզված է, որ ի տարբերություն ԵՄ առաքելության դիտորդների, ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ընտրություն կկատարի հայ ժողովրդի համար: Այս մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ՌԴ-ն այլևս չի կարող առանցքային գործընկեր լինել անվտանգության ոլորտում։
«Մեր երկրները մնում են դաշնակիցներ, հայ ժողովրդի շահերը չեն տարանջատվում Ռուսաստանի հետ բարիդրացիական կապերից։ Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը դա հաշվի կառնի և ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին ճիշտ ընտրություն կկատարի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն հուսալի երկկողմ իրավապայմանագրային բազա։ Սա վերաբերում է նաև ռազմատեխնիկական համագործակցությանը: Երկու կողմերն էլ ունեն պարտավորություններ միմյանց նկատմամբ՝ ներառյալ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգության պաշտպանությունը: Նա ընդգծել է, որ Երևանը նաև հավաքական երաշխիքների ներքո է ՀԱՊԿ շրջանակներում, այդ թվում՝ հնարավոր ագրեսիայի դեպքում: Նա հիշեցրել է նաև, որ երկրները 2016 թվականին համաձայնագիր են ստորագրել զորքերի միացյալ խմբավորման մասին:
«ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ փոխգործակցությանը վերադառնալը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի շահերից։ Երևանի տրամադրության տակ է կազմակերպության հնարավորությունների լայն շրջանակ, նրա ներուժը՝ հիմնված բազմամյա փորձի վրա»,- հավելել է Զախարովան։
Նա համոզված է, որ ի տարբերություն ԵՄ առաքելության դիտորդների, որոնք զբաղվում են այն հարցերով, որոնք հեռու են հայտարարված նպատակներից, ՀԱՊԿ-ը կարող է կայունացնող դեր կատարել Հարավային Կովկասում:
Դաշնակիցները, որոնց վրա հույս ենք դրել, ուզում են ցույց տալ մեր խոցելիությունը. Փաշինյան