Ուկրաինայի դեսպանատունն արձագանքել է Վրաստանի տարածքով պայթուցիկ տեղափոխելու դեպքին

Թբիլիսի
Դեսպանատանը հույս են հայտնել, որ վրացական կողմը ձեռնպահ կմնա այդ գործը քաղաքականացնելուց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ուկրաինան, որի քաղաքացուն կասկածում են Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան պայթուցիկների տեղափոխում կազմակերպելու մեջ, չի ընդունում Կիևի կապը այդ դեպքի հետ և խոստանում է աջակցել վրացի իրավապահներին հետաքննության հարցում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի դեսպանությունը։
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը փետրվարի 5-ին հայտնել էր, որ հատուկ ծառայությունները Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ տեղափոխելու փորձ են կանխել, հանցագործության մեջ կասկածվում են Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացիներ: Կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի, Բաթումում ծնված Անդրեյ Շարաշիձեն է: Քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով, սակայն ՊԱԾ-ը չի բացառում, որ այն կարող է փոխարինվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով:
«Ուկրաինայի դեսպանատունը ստուգում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հրապարակած տեղեկությունը, պարզում է բոլոր հանգամանքները, մասնավորապես` Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությունը անօրինական գործունեությանը», - ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Դիվանագիտական ներկայացուցչությունը հույս է հայտնել, որ վրացական կողմը ձեռնպահ կմնա այդ գործը քաղաքականացնելուց:
Նշենք, որ Կիևը բազմիցս ահաբեկչություններ է կազմակերպել Ռուսաստանի տարածքում։ 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա բեռնատար պայթեց, ինչի հետևանքով մասամբ փլուզվեց ավտոճանապարհային մասը: Ռուսաստանի ԱԴԾ-ն անմիջապես հայտարարեց, որ Ղրիմի կամուրջը վնասվել է Ուկրաինայի ԶՈւ-ի ահաբեկչության հետևանքով, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրաժարվեց մեկնաբանել իր ներգրավվածության մասին լուրերը: Ավելի ուշ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հայտարարեց, որ անձամբ է մշակել և իրականացրել Ղրիմի կամրջի վրա առաջին ահաբեկչությունը:
«Washington Post» թերթը, հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին, գրել է, որ ԿՀՎ–ն 2015-ին տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել, որպեսզի ուկրաինական հատուկ ծառայություններին իր դաշնակիցը դարձնի ընդդեմ Ռուսաստանի: Թերթի տվյալներով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները վերջին մոտ 20 ամիսների ընթացքում տասնյակ սպանություններ են կատարել, զոհերի թվում են ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին և քաղաքագետ Դարյա Դուգինան: Բացի այդ, թերթի տեղեկություններով՝ ԱԹՍ–ները, որոնք օգտագործվել են Ղրիմի կամրջին հարվածելու համար, մշակվել են ԿՀՎ-ի և արևմտյան այլ հետախուզական ծառայությունների մասնակցությամբ գաղտնի գործողության ընթացքում: