ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լուծել է պայմանագիրը Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանությունն իրականացնող «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ պատճառը ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելն է։
«Պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել նաև Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և Ստեփանավանի տարածաշրջանում ընթացիկ պահպանման աշխատանքներ իրականացնող «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիմնադրամից հայտնում են, որ այս պահին արվում է հնարավորը՝ նշված երեք տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների հետ կապված խնդիրներին հրատապ լուծում տալու համար։