ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը և Թթուջուր-Նավուր‚ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Նշվում է, որ բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Ցածր տեսանելիության և բքի պատճառով Սևանի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Գավառի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: