ՔՊ–ն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար երաշխավորություն կներկայացնի. Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև շեշտեց, որ երաշխավորությունը վերաբերելու է նաև մյուս կալանավորվածներին՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին ու Լիլի Մկրյանին, որը 2 մանկահասակ երեխա ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երաշխավորություն կներկայացնի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Մանկահասակ երեխաներ ունեցող կանանց (ԱԺ նախագահի եղբոր կինն ու «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը- խմբ.) և Աշոտ Հովհաննիսյանի («Սիներջի»–ի տնօրեն) մասով երաշխավորություն ներկայացնելու որոշում կա։ Խմբակցության որոշում է»,– նշեց Արշակյանը։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հայտնեց, որ միջնորդություն ներկայացնելու առումով դրական են տրամադրված և ամենայն հավանականությամբ փետրվարի 6-ին կներկայացնեն։
«Կարծում եմ՝ այսօր կլինի։ Ըստ էության, զուտ կազմակերպչական և տեխնիկական հարց է։ Հիմա նիստ է ընթանում»,– նշեց Կոնջորյանը։ Հարցին՝ արդյոք նման որոշում կայացնելու համար Ալեն Սիմոնյանի գործոնը դե՞ր ունի, նա վստահեցրեց, որ ոչ։ Միակ հանգամանքն ըստ Կոնջորյանի` կանանց մանկահասակ երեխաներ ունենալն է, իսկ Աշոտ Հովհաննիսյանն էլ իր ոլորտում բավականին վաստակավոր անձ է։
ՔՊ–ի կարծիքով` խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա։ Հարցին՝ ինչու նման որոշում չեն կայացրել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթև Վիրաբյանի կալանավորման ժամանակ, քանի որ նա նույնպես 2 մանկահասակ երեխա ունի, Կոնջորյանը հարցին չպատասխանեց։