Քաղաքական առումով հավանական է, որ ինձ նորից կկալանավորեն. Լևոն Քոչարյան

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իրավական առումով, սակայն, աբսուրդ կլինի իրեն նորից կալանավորելու որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը քաղաքական առումով հավանական է համարում, որ իրեն նորից կկալանավորեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը:
«Իրավական առումով աբսուրդ է, որ նման բան լինի»,–ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով` իր համար անհասկանալի է, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը` Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովին նորից կանչել Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել:
«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրեցին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու ուղարկեցին դատարան», - ասաց Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այդպիսի աբսուրդով զբաղվեն, որն ուղղակի ծիծաղելի է։
Նա նշեց, որ ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե, իբր, ինքը ծեծել է նրանց:
«Մյուս քրեական գործով ֆիքսվել են իմ մարմնական վնասվածքները, չնայած դրան` չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի», - ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ Սերգեյ Ասատուրովին առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ իրեն:
«Իմ վրա գոնե կեղծ ցուցմունք կա, իր վրա դա էլ չկա, աբսուրդ է», - ընդգծեց նա։
Քոչարյանի խոսքով` իր պաշտպանները միջնորդել են, որ երկու քրեական գործերի նիստերն էլ անցկացվեն դռնբաց, որպեսզի հասարակությունն էլ տեղյակ լինի այդ ամենից։
Դատական նիստերի օրը դեռ նշանակված չէ։