ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին առաջարկում է ոչ թե ձևավորել նոր` 4–րդ հանրապետություն, այլ լուծարել 3–րդ հանրապետությունը: «Աբովյան Time»–ի եթերում այս տեսակետը հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով` իշխանությունը, ըստ էության, գնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրակարգը սպասարկելու ճանապարհով, և այս դեպքում պետք է դիմադրություն ցուցաբերել և սկսել Երևանից։ Ըստ Թևանյանի` հայաստանյան ընդդիմությունը պետք է Երևանը ազատի իշխող «Քաղաքացիական պայմանագրից», քանի որ մայրաքաղաքը միշտ կարևոր դերակատարում է ունեցել երկրի քաղաքական կյանքում, ու դա կարևոր դեր կխաղա նաև իշխանափոխության հարցում։
Երևանի ավագանին փետրվարի 7–ի նիստում նախատեսում է քննարկել ընդդիմադիր խմբակցությունների հինգ անդամների, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։
Թևանյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու է այդ նիստը տապալելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ընդդիմադիր խմբակցությունների ոչ մի ներկայացուցիչ չմասնակցի նիստին:
«Քաղաքապետարանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանի թելադրանքով նոր Սահմանադրություն ընդունել և դրանով թաղել պետությունը։ Այդ պատճառով պետք է դիմադրություն ցույց տալ»,– նշեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Նա համոզված է` եթե ընդդիմությանը հաջողվի «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքից վերցնել այդքան կարևոր հաղթաթուղթը, ինչպիսին մայրաքաղաքային իշխանությունն է, հետագայում հնարավոր կլինի գնալ արտահերթ ընտրությունների։ Թևանյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանություններն իրենց քայլերով խարխլում են պետության հիմքերը։ Ըստ նրա` այն, ինչ անում է Փաշինյանը, հղի է նոր պատերազմով, կորուստներով և ցեղասպանությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 1–ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետը Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում Թուրքիան ու Ադրբեջանը համեմատել էր ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Նա նշել էր` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե հանի–շպրտի այն և փրկվի։