Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԱՄՆ աջակցությունը:
Նիկոլ Փաշինյանն ու Քրիստինա Քվինը
«Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:
Հիշեցնենք` նախորդ անգամ Փաշինյանն ու Քվինը հանդիպել էին 2023–ի դեկտեմբերին։ Վարչապետը գոհունակությամբ ընդգծել էր հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը և նշել, որ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը։