«Մայր Հայաստանը» չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին և բոյկոտի կոչ է անում

Անդրանիկ Թևանյան
Ըստ Անդրանիկ Թևանյանի` Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու «Մայր Հայաստանը» խմբակցությունը չի մասնակցի փետրվարի 7–ին նախատեսված արտահերթ նիստին և բոյկոտի կոչ է անում։ Այս հայտարարությունը տարածել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Նա ընդգծել է, որ ՔՊ–ն ու «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես կանգնած են Երևանի ավագանու նիստերին քվորում ապահովելու խնդրի առաջ և վիճահարույց հարցերում ստիպված կուլիսային առևտրի մեջ են մտնում «Հանրային ձայնի» հետ։
«Եթե մեր կամքից անկախ («Հանրային ձայնի» որևէ ներկայացուցչի կամ ներկայացուցիչների մասնակցության դեպքում) այդ նիստը կայանա, ապա մեր խմբակցության անդամները կմտնեն նիստերի դահլիճ, որպեսզի իրենց ասելիքն ասեն ՔՊ–ի, «Հանրապետության» ու «Հանրային ձայնի» ծախված անդամի/անդամների երեսներին։ Բուն մանդատազրկման քվեարկությանն այդ դեպքում «Մայր Հայաստանը» կրկին չի մասնակցի»,–նշել է Թևանյանը։
Նա ընդգծել է, որ տրանսպորտի թանկացումները, մյուս հակաժողովրդական որոշումները կարելի է կանխել նիստերը բոյկոտելու միջոցով։
Ըստ Թևանյանի`ստեղծված ճգնաժամային իրավիճակում քաղաքական հանգուցալուծումը Երևանի ավագանու նոր ընտրություններն են։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներառված է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Ներկայացված նախագծերը վերաբերում են «Մայր Հայաստանի» ավագանու անդամներ Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին, Նարինե Հայրապետյանին, Գևորգ Ստեփանյանին, ինչպես նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին։