ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27–րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ սրանք նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներ են։
«Որոշում է կայացվել համապատասխան ընկերությունից առգրավել նշված տան գազի սպասարկման վերաբերյալ առկա փաստաթղթերը։ Նշանակվել է պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, շինարարարատեխնիկական, դատաբժշկական, դիակի դատաբժշկական համալիր փորձաքննություն»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՔԿ–ի` ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության:
Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և 23-րդ տան բնակիչ Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։
Փլատակներից դուրս են բերվել նաև ամուսինների դիեր։ Մահացածներն են 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ։