ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հանրային հեռարձակողի խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։ Այս մասին ասված է Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունում։
Գարեգին Խումարյանը փետրվարի 5-ին լրատվամիջոցի կայքում հրապարակել էր իր հոդվածը, որով վիճարկում էր օրեր առաջ «Անվտանգային միջավայր» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները։
«Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում։ Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը»,– նշված է խորհրդի հայտարարության մեջ։
Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը` օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։
«Բացի այդ, ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու և ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է»,– ընդգծել է Հանրային հեռարձակողի խորհուրդը։
Հիշեցնենք, որ Գարեգին Խումարյանն իր վրա է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սկանդալային հարցազրույցի պատասխանատվությունը և ներողություն խնդրել Հանրային ռադիոյի ունկնդիրներից։