ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Նոր Արեշում պայթյունից տուժած ընտանիքները իրենց փլուզված տների դիմաց կարող էին դրամական փոխհատուցում ստանալ, եթե ժամանակին ապահովագրած լինեին իրենց անշարժ գույքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հայաստանյան ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակից Հասմիկ Պողոսյանը։
«Եթե իրենք ապահովագրական փաթեթ ձեռք բերած լինեին, որի ապահովագրավճարն ընդամենը տարեկան 5000 դրամ է, մինչև 500 000 դրամ փոխհատուցում կկարողանային ստանալ»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշված փաթեթը ՀՀ–ում գործող անշարժ գույքի ապահովագրության ամենախնայողական փաթեթներից է։ Քիչ ավելի թանկ փաթեթը տարեկան 8000 դրամ արժե։ Բայց դրա փոխհատուցումը կարող է հասնել մինչև 1 մլն դրամի։ Ապահվագրության այս տեսակները նախատեսված են հենց Նոր Արեշում տեղի ունեցած դեպքերի համար` հրդեհ, պայթյուն կամ երրորդ անձանց կողմից անօրինական գործողությունների հետևանքով անշարժ գույքին հասցված վնաս։ Ապահովագրական ավելի թանկարժեք փաթեթներ էլ կան։ Դրանք նախատեսում են ոչ միայն բնակարանին հասցված վնասի, այլև դրանում առկա գույքին` կահույքին, տեխնիկային, գորգերին, նկարներին ու նույնիսկ սպասքին հասցված վնասի փոխհատուցում մինչև 7 մլն դրամի չափով։
Բայց, անկախ ապահովագրական փաթեթի արժեքից, մեր երկրում գույքի ապահովագրության մշակույթը գրեթե բացակայում է։ Ապահովագրական ընկերության ներկայացուցիչը փաստում է, որ մարդիկ իրենց բնակարաններն ապահվագրում են միայն բանկերի պահանջով` հիփոթեքային վարկավորման դեպքում։
«Ինչ–որ տեղաշարժ կա, իհարկե, որովհետև ապահովագրական ընկերություններն օրեցօր ապահովագրության նոր տեսակներ են մշակում, բայց ոչ այն չափով, որ ցանկալի կլիներ մեր պայմանների համար։ Գույքի ապահովագրության պայմանագրերի հիմանական տոկոսը շարունակում են կազմել բանկերի պահանջով կնքվածները»,– նշեց Հասմիկ Պողոսյանը` միաժամաակ նկատելով, որ խնդիրը միայն սոցիալական վիճակը չէ։ Անգամ շքեղ առանձնատների տերերը Հայաստանում սովորություն չունեն իրենց գույքն ապահովագրելու։
Հիշեցնենք` փետրվարի 5-ին, Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել էր, ևս երկուսը, որոնց դուրս էին բերել փլատակներից՝ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։ Պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է 3 տուն, մասնակի` 3 տուն, ևս 28 տներում վնասվել են դռներն ու պատուհանները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է տուժած ընտանիքների կողքին: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր առավոտյան ավարտել են տուժած ընտանիքների կարիքների գնահատումը։