ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուշագիր է ստորագրել երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: ՏԵղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:
«Հուշագրի համաձայն՝ կողմերը նպաստում են արվեստի գործիչների և փորձագետների, ուսանողների, կրթության և հետազոտության բնագավառում աշխատակիցների անմիջական համագործակցությանը, ինչպես նաև մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում նրանց փոխանակումներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ համաձայնագրի՝ կողմերը համագործակցելու են միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ՏՀԶԿ, Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ, ՍԾՏՀ) ու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում՝ Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ մշակութային, կրթական, հետազոտական ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման նոր հարթակների ստեղծման միջոցով:
Կողմերը նաև խրախուսել են իրենց բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև անմիջական հարաբերություններն ուսանողների, դասախոսական կազմի, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների, գիտաշխատողների և կրթաթոշակառուների փոխանակման ծրագրերի իրագործումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012 թ., երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ 2 երկրների հարաբերությունները վերականգնվեցին, երբ 2021 թ. դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։