«ՀայաՔվեն» ձևավորում է շարժում Սահմանադրության փոփոխության դեմ պայքարելու համար

Նախաձեռնության անդամները կարծում են, որ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնությունը ձևավորում է սահմանադրական շարժում։ Նրանք պատրաստվում են պայքարել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության դեմ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը։
Նա հիշեցրեց, որ Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընհանուր թվի 2/3–ի, այսինքն` 72 պատգամավորի համաձայնությունը։ «ՀայաՔվեն» իր առաջնահերթ խնդիրն է համարում թույլ չտալ, որպեսզի 72 պատգամավոր արտոնեն նախագիծը հանրաքվեի դնելը։
«Մեր հասարակության մեծամասնությունը պետք է հասկանա, որ այսպիսի փոփոխությունները կբերեն մեր պետության կազմալուծմանը և ոչնչացմանը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն մարդիկ, ումից կախված է ինչ-որ բան, դեմ գնան սրան»,– ասաց նա։
«ՀայաՔվեի» անդամները կարծում են, որ փորձ է արվում սահմանադրական հեղաշրջում կատարել։ Ըստ նրանց` սահմանադրական բարեփոխումների քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման։
Ավետիք Չալաբյան
«Նպատակը ՀՀ անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանաված են հայության հիմնական ազգային նպատակները։ Գործող վարչախմբի ներկայացուցիչները անձամբ են խոստովանել, որ սա անում են Բաքվի և Անկարայի պարտադրանքով, ավելին, նրանք հայ ժողովրդին սպառնում են նոր պատերազմով այդ պարտադրանքին չենթարկվելու դեպքում»,– ասաց Չալաբյանը։
Նա կոչ արեց քաղաքացիներին ու կազմակերպություններին միանալ այս պայքարին Հայաստանի պետականությունը փրկելու համար։