ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի խոստանում, երբ միասնական տոմսային համակարգը ներդրվի, հանրային տրանսպորտի խնդիրը կլուծվի։ Նա այդ մասին ասաց ասուլիսի ժամանակ` անդրադառնալով հարցին` արդյոք խոստանում է, որ սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները կլուծվեն։
«Ո՛չ, չեմ խոստանում։ Ասեմ ավելին` վերջերս մի հարցազրույցի ժամանակ էլ ինձ այս հարցը տվեցին, ու ես ասացի` երբեք։ Բայց շարունակություն կա։ Եթե հետ գնանք 2013 թվական (այդ ժամանակ տեղի էին ունենում «Չենք վճարելու 150 դրամ» բողոքի ակցիաները. խմբ.), այն ժամանակ շարժակազմերը լավ վիճակում չէին, բողոքում էինք, թե ինչու պետք է թանկ վճարել, հիմա կա նորմալ շարժակազմ, բայց էլի քննադատություն կա։ Հետո կլինի ամբողջությամբ համալրված նոր շարժակազմ, բայց անհրաժեշտ կլինի ինտերվալները քչացնելու կամ որևէ տեղ հասնելու համար 2 ավտոբուս փոխելու բողոքը։ Քննադատությունը միշտ լինելու է, ու լավից ավելի լավն ունենալու պահանջը լինելու է։ Իդեալական վիճակ երբեք չի լինում»,– նշեց Գրիգորյանը։
Նա միայն խոստացավ, որ էականորեն կբարելավվի տրանսպորտի վիճակը, երբ Երևան բերվեն նոր 8,6 մետրանոց ավտոբուսները։