Ավինյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի դեսպանը խոսել է ներդրումային առաջարկներից

Տիգրան Ավինյանի հանդիպումը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի հետ
Երևանի քաղաքապետն առաջարկել է, որ ֆրանսիացի գործարարներն իրենց շահավետ ներդրումներն անեն ՀՀ մայրաքաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ֆրանսիական քաղաքների հետ ընդլայնել գործակցության ու փորձի փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նոր ուղղություններ: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանն Ավինյանը ներկայացրել է նախաձեռնված բարեփոխումները՝ հասարակական տրանսպորտի, Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն ուղղված թվայնացման ու քաղաքաշինության ոլորտներում։
«Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ֆրանսիական ընկերությունների հնարավոր մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի տարբեր նախագծերին ու ընդգծել, որ համայնքը բաց է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի կողմից կա մեծ հետաքրքրվածություն՝ աջակցելու Հայաստանին և զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում: Մասնավորապես, դեսպանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջարկներին: