Նոր Արեշում պայթյունի հետևանքով 34 տուն է վնասվել, որոնցից 3-ը` ամբողջությամբ․Մադաթյան

Քաղաքային իշխանությունները կարիքների գնահատում են իրականացրել՝ կապված Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34-րդ փողոցում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած վնասների հետ։
Sputnik
Պայթյունի հետևանքով վնասվել է 34 տուն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։

«Ամբողջությամբ փլուզվել են 3 տներ, մասամբ քանդվել են ևս 3-ը։ Մնացած տներում վնասվել են դռներ ու պատուհաններ»,- մանրամասնեց Մադաթյանը։

Ըստ փոխքաղաքապետի՝ փոխհատուցումների հարցը կքննարկվի միայն պայթյունի պատճառները ուսումնասիրելուց և եզրակացությունն ունենալուց հետո։
Մադաթյանը տեղեկացրեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնց տները փլուզվել կամ վնասվել են, գիշերել են հարազատնների տանը, հետևաբար ապաստան տրամադրելու անհրաժեշություն չի եղել։
Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են երկու քաղաքացիներ, ևս երկուսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։