ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալան նույնպես կազատվի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ուկրաինսկայա պրավդային»։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ պաշտոնից կազատվի նաև Ուկրաինայի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Իշխանական շրջանակների աղբյուրների տվյալներով՝ Զալուժնիի և Շապտալայի հարցը լուծված է, բայց չի բացառվում` կադրային այլ փոփոխություններ էլ լինեն։ Հնարավոր է` պաշտոնանկությունների մասին հայտարարվի այս շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք` ռազմական ղեկավարությունում հնարավոր վերադասավորումների մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Զալուժնիի պաշտոնանկության մասին լուրերը կապում են Ուկրաինայի զինված ուժերի ամառային «հակահարձակման» ձախողման և գլխավոր հրամանատարի քաղաքական հավակնությունների հետ:
Զելենսկին իբր Զալուժնիին առաջարկել է ինքնակամ հրաժարական տալ, բայց նա հրաժարվել է։ Այժմ երկրի ղեկավարը կարող է իր հրամանագրով պաշտոնանկ անել նրան։
Այս տեղեկությունը հաստատել են արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ` հղում անելով իրենց աղբյուրներին։