ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Թբիլիսին սպասում է, որ Կիևն ավելի շատ տեղեկություններ կհաղորդի Օդեսայից Վորոնեժ տեղափոխվող պայթուցիկների վերաբերյալ։ Այս հայտարարությունն արել է երկրի պետանվտանգության ծառայության ներկայացուցիչ Բասա Մգելաձեն:
Վրաստանի պետանվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հատուկ ծառայությունները Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ տեղափոխելու փորձ են կանխել, հանցագործության մեջ կասկածվում են Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացիներ: Կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի, Բաթումում ծնված Անդրեյ Շարաշիձեն է:
«Այս գործով մենք կհամագործակցենք ոչ միայն Ուկրաինայի, այլև այն երկրների հետ, որոնցով անցել է այդ բեռը։ Մենք Ուկրաինային տեղեկություններ ենք փոխանցել այդ փաստի վերաբերյալ և նրանցից ավելի շատ տեղեկություններ ենք սպասում, որոնք կօգնեն հետաքննությանը»,-հայտարարել է Մգելաձեն։
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով, սակայն ՊԱԾ-ը չի բացառում, որ այն կարող է փոխարինվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով: