ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով փլված տների բնակիչները հուսով են, որ փրկարարները կկարողանան իրենց հարազատներին ողջ–առողջ դուրս բերել փլատակներից։
Նրանցից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ պայթյունի պահին տանը եղել են ամուսինն ու սկեսուրը։ Ինքն աշխատավայրում է եղել, զանգել, ասել են պայթյունի մասին, արագ վերադարձել է։
Մեկ այլ տղամարդ էլ ասում է, որ հաց գնելու համար դուրս է եկել տնից, երբ որոտացել է պայթյունը, տանը եղել է նրա մայրը։
Նախնական տվյալներով` պայթյունը որոտացել է սեփական տներից մեկում` գազի բալոնի պայթելու հետևանքով։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ–փրկարարներ, կինոլոգներ և շտապօգնության բրիգադներ։ Փլատակներում գտնվողներին փորձում են հանել շների օգնությամբ։
ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
Ըստ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի` նախնական տեղեկություններով` 2 տուժած կա, նրանք արձագանքում են փլատակներից, աշխատանքներ են իրականացվում նրանց դուրս բերելու համար։