Պայթյունից տուժածներն օգնություն կստանան. Երևանի քաղաքապետարանը գնահատում է կարիքները

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչով է օգնելու համայնքը պայթյունից տուժած քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունից տուժածների կարիքների գնահատման արդյունքները պարզ կլինեն վաղը` փետրվարի 6-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը` հավելելով, որ այս պահին քաղաքապետարանի աշխատակիցները Էրեբունի վարչական շրջանի ներկայացուցիչների հետ դեպքի վայրում գույքագրում են քաղաքացիների կրած նյութական վնասներն ու կարիքները։
«Վաղը մինչև 11։00-ը մենք կունենանք ամբողջական պատկերացում կարիքների մասին և կկարողանանք հասկանալ, թե ինչ աջակց ություն կարող ենք տրամադրել տուժած ընտանիքներին»,– ասաց Մադաթյանը։
Թե ինչ սոցիալական աջակցություն կտրամադրվի տուժածներին, Մադաթյանը վաղաժամ համարեց խոսել` առաջարկելով սպասել կարիքների գնահատման գործընթացի ավարտին։
Փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ պայթյունից տուժած քաղաքացիներին բուժօգնությունն ու առողջապահական ծառայությունները մատուցվում են պետպատվերի շրջանակում։
Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։
Փլատակներից դուրս են բերել նաև ամուսինների դիեր։ ԶԼՄ–ների տեղեկություններով` մահացածներն են 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։