Կալանավորվել է էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներից ևս մեկը

Պաշտպանը պնդում է, որ Մարտիրոսյանը մշտապես բարձրաձայնել է իր մտահոգությունները, հրավիրել ԱԱԾ-ի ու դատախազության ուշադրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է փաստաբան, Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Պաշտպանի խոսքով՝ Տարոն Մարտիրոսյանը չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում, տվել է մանրակրկիտ պարզաբանումներ։

«Վերջինս հանդիսացել է այն պաշտոնատար անձը, որը կառավարության որոշման նախագծման փուլում և դրա կատարման ընթացքում բազմաթիվ անգամ գրավոր ու բանավոր կարգով բարձրաձայնել է իր մտահոգություններն ու վեր հանված խնդիրները, հրավիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, դատախազության և վերադաս պաշտոնատար անձանց ուշադրությունը»,- գրում է Ներսիսյանը։

Փաստաբանը հույս ունի, որ նախաքննական մարմինն իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կվերացնի:
Նա, միաժամանակ, հայտնում է, որ բողոքարկելու են խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց, այդ թվում՝ նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի։ Արդյունքում հաղթել է մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանն այս գործով փետրվարի 1–ին կալանավորվեց 2 ամսով, փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։ Այս գործով երկու ամսով կալանավորվել են նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, նույն ընկերության նախկին աշխատակցուհի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, իսկ ընկերության աշխատակցուհիներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։