Հատուկ տեխնիկա է բերվում դեպքի վայր. Սարգսյանը` Երևանում տեղի ունեցած պայթյունի մասին

Փրկարարների ավտոմեքենան պայթյունի վայրում
Կասկածներ կան, որ փլատակներում կարող են մարդիկ լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի վայր հատուկ տեխնիկա է բերվում։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հատուկ տեխնիկա է բերվում, որպեսզի փլատակները բարձրացնեն, որոնողական աշխատանքներ իրականացվեն։ Հնարավոր կասկածելի վայր կա»,– ասաց Սարգսյանը։
Հարցին, թե դեռ քանի մարդ կարող է լինել փլատակներում, նա պատասխանեց` տեղեկություն չունի։
Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով մի քանի բնակելի տներ են փլուզվել։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։